Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ԱՀ ներկայացուցիչների հետ Բաքվում հանդիպելու առաջարկին

Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ԱՀ ներկայացուցիչների հետ Բաքվում հանդիպելու առաջարկին

ԱՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է ․

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական առաջարկության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում վերահաստատել Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն ադրբեջանական կողմի հետ հնարավոր քննարկումների, դրանց կազմակերպման եղանակների և նպատակների վերաբերյալ։ Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին։ Մենք երբեք չենք հրաժարվել ադրբեջանական կողմի հետ շփումներից, որի ապացույցն են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպումներն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ:

Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։ Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ երեք օր առաջ՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, հատել են շփման գիծը և առաջխաղացում կատարել դեպի Արցախի Հանրապետության տարածքի խորքը՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ։ Ավելին, մարտի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ անգամ փորձել են վերահսկողության տակ առնել նշված ճանապարհը, որը Շուշիի շրջանի համայնքների և հանրապետության այլ բնակավայրերի միջև արտակարգ կապի միակ հնարավորությունն է շրջափակման պայմաններում։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը, նախորդ հանդիպումների անցկացման արդեն իսկ ձևավորված պրակտիկայի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published.