Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է․
«Թող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն դարձնի թե՛ բռնցքամարտի ֆեդերացիայի ու թե՛ փոխնախարար Կարեն Գիլոյանի պահվածքին, ու տեսնի, որ նրանք խաբում են, հուսով եմ՝ վարչապետը կտեսնի ու ընթացք կտա իմ հայտարարություններին, քանի որ իրեն դիմում է իր երկրից աշխարհի չեմպիոնը»։ Վերջինս նշել է, որ ինքը բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից որևէ աջակցություն չի ստացել։
«Այսքան ժամանակ ֆեդերացիայի կողմից մի դրամ ինձ չի հասել, ո՛չ աշխատավարձ, ո՛չ էլ աջակցություն, իսկ 4 մլն 600 000 դրամի մասին, որ պարբերաբար խոսում են, ասեմ՝ ինձ հասել է ընդամենը 2 մլն 300․000 դրամ և վերջ։ Ես ուրիշ երկրում բարձրացում եմ հայկական դրոշը, ծնկի եմ բերում ադրբեջանցուն, թուրքին, գալիս եմ Հայաստան, ու ոչ ոք ինձ չի դիմավորում, դա շատ վիրավորական է»,- ասել է բռնցքամարտիկը։
Անդրադառնալով իր այն գրառմանը, որտեղ նշել էր, որ ԿԳՄՍ սպորտի հարցերով փոխնախարար Կարեն Գիլոյանը խոսք է տվել տան կանխավճարի հարցում օգնել, բայց հետո հրաժարվել է, Իսրայելյանը ասաց.
«Կարեն Գիլոյանը խաբել է ինձ, ասել են բնակարանի կանխավճարը կտանք և չեն տվել, ինչի պատճառով բացի այն, որ կորցրել եմ այդ գումարը, նաև դրա պատճառով շատ մարդկանց հետ խնդիրներ եմ ունեցել։ Գիլոյանը եկավ մեր տուն, մարզիչիս դիմաց ինձ ասաց՝ չմտածես, կասեմ ֆեդերացիայի նախագահին, կօգնեն, ես էլ ասացի, որ այդ գումարը անպայման վերադարձնելու եմ։ Հետո եկավ օրը, որ պետք է մտնեինք նոտար, ասաց՝ չկա այդ գումարը»։
Անդրադառնալով սոցհարթակներում իրեն ուղղված քննադատություններին, բռնքամարտիկը ասել է․
«Մարդիկ սխալ են հասկացել, ես չեմ հրաժարվում ո՛չ ՀՀ քաղաքացիությունից, ո՛չ էլ իմ անուն-ազգանունից, ես հրաժարվում եմ ՀՀ դրոշը բռնցքամարտում բարձրացնելուց, Հայաստանի անունից այլևս չեմ մենամարտելու։ Ես այնպիսի արդյունք եմ գրանցել, որ 13 տարի Հայաստանը չի ունեցել, ես ցանկանում էի կրկնել Վլադիմիր Ենգիբարյանի արդյունքը, բայց քանի որ չցանկացան՝ իմ անուն ազգանունը կլսեն հետագայում օտար երկրում, բայց թող հետո չասեն՝ մեր հայն է և այլն»։
Մանրամասները ՝ այստեղ