«Փաստ» օրաթերթը գրում է. «2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի բոլոր գործողությունները միտված են Արցախը հայաթափելուն: Եթե Արցախում բնակվող հայեր չլինեն, չլինի արցախահայություն, չի լինի և ԼՂ հիմնախնդիր:
Ադրբեջանը հենց այս ճանապարհային քարտեզով է առաջ շարժվում: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այսպես է արձագանքում Ադրբեջանի վերջին օրերի սադրանքներին, նաև նոր դիրքային առաջխաղացմանն Արցախում: «Երբ Ադրբեջանը տեսավ, որ արցախահայությունը կառչած է հայրենի հողին, ինչ-որ տեղ հասկացավ, որ չենք պատրաստվում լքել հայրենիքը, անցավ իր մարտավարությանը, որի հետևանքով տեսանք մարտի 5-ի դեպքը, վերջին օրերի սադրանքները, Փառուխի, Քարագլխի, Խծաբերդի բռնազավթումը, ինչպես նաև Բերձորի ճանապարհի արգելափակումը, պարբերաբար էներգետիկ խնդիրներ առաջացնելը: Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողություններն արցախահայության նկատմամբ: Մենք բոլորս հասկանում ենք, որ թշնամի պետություն է, որն ունի իր ծրագիրը, ինչն ամեն գնով առաջ է տանում՝ անտեսելով միջազգային հանրությանը, ոտնահարելով մադու իրավունքները: Այս ամենի ֆոնին, սակայն, շատ ավելի ցավալի է ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Գալստյանը:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենց դիվանագիտական խողովակները լիարժեք չեն օգտագործում, օրինակ՝ միջազգային հանրությանը հասցնելու այն փաստը, որ Ադրբեջանն անտեսում է Հաագայի դատարանի՝ անհապաղ կատարման ենթակա որոշումը. «Հայաստանի իշխանություններն այս ամենին կրավորական կեցվածքով են արձագանքում, ընդամենը հայտարարությունների մակարդակով է ամեն ինչ, գործնական որևէ քայլ չեն ձեռնարկում: Ադրբեջանի ահաբեկչությունների նպատակը մեր հայրենակիցների մեջ հուսալքություն և հուսահատություն առաջացնելն է, բայց զուգահեռ նաև Հայաստանի իշխանության կեցվածքն է միտված այդ ամենին»:
Մանրամասներն ՝ այստեղ