ՌԴ քաղաքացիները Լեռնային Ղարաբաղից չէին կարողանում վերադառնալ Լաչինի միջանցքի փակման հետևանքով։
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից դուրս են բերել ՌԴ 28 քաղաքացու, այդ թվում՝ 8 երեխայի: Տեղեկությունը հայտնում է «Peacekeeper» Telegram–յան ալիքը։ «Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ՌԴ խաղաղապահ անձնակազմի զինծառայողները Հայաստան են տեղափոխել ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի տարածք ժամանած ՌԴ քաղաքացիների»,– ասված է հաղորդագրությունում։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։