«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում քննարկեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը: Առաջադրված էր երկու թեկնածու` ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները ներկայացրել էին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հանրային գործիչ Էդգար Ղազարյանի թեկնածությունը, իսկ իշխանությունը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը: ՔՊ-ականների «թեթեւ ձեռքով» հանձնաժողովի նիստը վերածվեց «ճ» կլասի «ռազբոռկի»` ընդդեմ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի եւ մասնավորապես` թեկնածու Էդգար Ղազարյանի: Արդյունքում հանձնաժողովականները 4 կողմ ձայնով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջարկել են Անահիտ Մանասյանի թեկնածությունը, իսկ Էդգար Ղազարյանը ստացել է 1 կողմ ձայն, որովհետեւ հանձնաժողովի «Հայաստան» խմբակցության անդամները, չգիտես ինչու, առաջադրել էին, բայց չէին եկել իրենց թեկնածուին եթե ոչ պաշտպանելու, գոնե նրա օգտին քվեարկելու: Հանձնաժողովում կատարվածի վերաբերյալ, ինչի համար Էդգար Ղազարյանը նաեւ հրապարակային հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, «Իրավունքը» զրուցեց նրա հետ:
— Հաշվի առնելով նիստին ՔՊ-ականների, մեղմ ասած, ոչ ադեկվատ պահվածքը, հնարավոր համարո՞ւմ եք, որ ոչ սթափ վիճակում էին:
— Ինչքան գիտեմ, ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը թմրամոլ է: Համենայնդեպս, մամուլում տեղեկություններ են եղել, որ նա թմրանյութ է օգտագործել, տեղափոխվել է ոստիկանության բաժին այդ կասկածանքով, եւ եթե չեմ սխալվում, ինքն էլ խոստովանել է: Ճիշտն ասած, ես այդ ոլորտի մասնագետ չեմ, չեմ կարող ասել, թե թմրամոլները թմրանյութ օգտագործելուց ինչ պահվածք են դրսեւորում, բայց ակնհայտ էր, որ կա՛մ օգտագործելու քանակի չարաշահում էր, կա՛մ չօգտագործելու: Ամեն դեպքում, նորմալ, առողջ մարդու վարքագիծ չէր եւ ոչ միայն իր պարագայում: Ես գնացել էի, եւ ինձ թվում էր` գործ ունեմ Ազգային ժողովի հետ, բայց պարզվեց` ուղղակի խուլիգաններ էին այնտեղ: Նկատի ունեմ` այդ մի քանի հոգին, բոլորին չի վերաբերում:
Մանրամասն ՝ նյութի սկզբնաղբյուր կայքում