Մեր անմահ հերոսները․ Աշոտը խրամատում երկար արյունահոսելուց էր մահացել․․․

Մեր անմահ հերոսները․ Աշոտը խրամատում երկար արյունահոսելուց էր մահացել․․․

Այս հերոսապատումը նվիրվում է 44-օրյա պատերազմում քաջի մահով ընկած հերոս ՝ Աշոտ Հայրապետյանին։

Աշոտը ծնվել է 1998 թվականի ապրիլի 4-ին Գորիսի շրջանի Խոտ գյուղում։ Քաջի մահով ընկել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում ՝ Արցախյան 2-րդ պատերազմում , հոկտեմբերի 10-ին։ Երեկ նա կդառնար ընդամենը 26 տարեկան․․․

Պարտադիր ժամկետային ծառայությունն անց է կացրել Արցախի Հանրապետությունում՝  Քարվաճառի զորամասում:  Զորացրվելուց հետո պայմանագրային ծառայության է անցել Գորիսի զորամասում: Աշոտն իրենից փոքր երկու քույր ուներ: Քույրերը նրա աշխարհն էին, քանի որ ծնողները փոքր հասակից զավակների սրտերում միմյանց հանդեպ մեծ սեր էին սերմանել: Թվում էր՝ երջանկությունը երբեք չի լքելու հաշտությամբ, խաղաղությամբ ու սիրով լցված այս տունը, բայց… 2016 թ. Գոհարի ու Արտուրի ընտանիքում պատահում է առաջին դժբախտությունը՝ սուր շնչառական հիվանդության բարդացումից մահանում է նրանց միջնեկ դուստրը: Քրոջ մահը 18-ամյա Աշոտին անասելի  ցավ է պատճառում, Աշոտը դառնում է լռակյաց ու ինքնամփոփ, նրա աչքերում տարիներ անց էլ կարելի էր նկատել քրոջ կորստի տխրության մշուշը: Պայմանագրային զինծառայող Աշոտ Հայրապետյանին գյուղում հաճախ չէին տեսնում, բայց համեստ, համբերատար, բարի երիտասարդին բոլորն էին սիրում, համագյուղացիներն ասում են, որ մինչ օրս սգում են նրա մահը:

«Լույսի նման տղա էր, բոլորս էլ սիրում էինք նրան, մի տեսակ անհավատալի է, որ նա այլեւս չկա: Երիտասարդությանն այսօր դաստիարակությունն է պակասում, ազատությունն ու անդաստիարակությունը ժամանակակից աշխարհում երբեմն հոմանիշ են դառնում. Աշոտը ժամանակակից  երիտասարդներից տարբերվում էր իր դաստիարակությամբ, իր վարքով, մեծերի հանդեպ անվերապահ հարգանքով: Մի ուրիշ տեսակ քնքշությամբ էր վերաբերվում իր քույրիկին, քրոջ մահից հետո, կարծես, ուրիշ մարդ դարձած լիներ: Մինչեւ հիմա արցունքներս չեն չորանում, հիշում եմ նրան էլ, մյուսներին էլ, ովքեր հայրենիքի պաշտպանության համար չխնայեցին իրենց կյանքը: Կարող են աշակերտները մի բան ասել, որը ինձ նրանց կհիշեցնի, եւ աչքերիցս արցունքները ցած են թափվում՝ ինձանից անկախ», Աշոտի ուսուցչուհին խոսքը շարունակել չի կարողանում, մեզ խնդրում է իր անունը չգրել, քանի որ իր մյուս կոլեգաներն էլ են իր վիճակում, «Դասամիջոցներին մեկ էլ տեսնում ենք ուսուցչուհիներից մեկի աչքերը կարմրած են՝ պարզվում է մեր զոհված աշակերտներից մեկին է հիշել: Բոլորն են ցավում, բայց ինձ թվում է՝ ամենածանրը մեզ համար է»: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց. Աշոտը ժամեր անց արդեն Ջրականում էր…Սեպտեմբերի 29-ին Աշոտը ծանր վիրավորվել է, նրան խրամատից դուրս բերել չի հաջողվել: Աշոտի մարմինը գտել ու հողին են հանձնել խրամատում վիրավոր մնալուց 72 օր անց: Դատաբժիշկն իր եզրակացությունում նշել է, որ մահը վիրավորվելուց շատ ժամեր անց է վրա հասել, որ մահացել է արյունահոսությունից: Երկու զավակ կորցրած տիկին Գոհարը հեկեկալով մեզ պատմում է, որ սարսափում է, երբ պատկերացնում է թե ինչքան է տանջվել որդին՝  վիրավոր ու միայնակ մնալով խրամատում: Աշոտ Հայրապետյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ հետմահու:

Նյութերը վերցված են ԵՌԱԲԼՈՒՐ․am կայքից

 

Leave a Reply

Your email address will not be published.