ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մայիսի 5-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):
Ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին:
Արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող բազմաթիվ այլ հաստատությունների։
Այսպիսով՝ հաստատությունում, որպես երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կառույց, արձանագրվել են.
Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Արձանագրվել են դեպքեր, երբ տղաների համար նախատեսված մասնաշենքում բավարար տարածք չլինելու պատճառով արական սեռի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք: Սենյակներում բացակայել են կողապահարաններ, 3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1 պահարան, ընդ որում՝ կոտրված, օգտագործման համար ոչ ենթակա և առանց փականների:
Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, զուգարանների դռների մեծ մասը չեն փակվում ներսից, լոգախցիկները սանհանգույցից առանձնացված են միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայում է նաև միջնապատը:
Երեխաների համար առանձնացված խոհանոցում առկա բաժակները չեն համապատասխանել երեխաների թվաքանակին. թվով 14 երեխային հատկացված է եղել 6 բաժակ: Անկողնային պարագաների, սրբիչների, սանրերի անհատականացումն իրականացվում է առանց համապատասխան նշումների:
Բացակայում են հաստատությունից դուրս սպորտային և մշակութային միջոցառումներին, խմբակներին հաճախելու հնարավորություն ապահովող ծրագրեր: Հաստատության ներսում՝ որպես հիմնական զբաղմունքի միջոց, օգտագործվում է հեռուստացույցը, որն այցի ամբողջ ընթացքում աղջիկների խմբում միացված է եղել բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ, իսկ տղաների խմբում վահանակի անսարքության պատճառով չի միացվել շուրջ 2 ամիս:
Ճաշարանում ու խոհանոցում արձանագրվել են աշխատանքի կազմակերպման խնդիրներ։ Խոհանոցում առկա է անձակազմի անհամաչափ ծանրաբեռնվածություն ու գործառույթների միաձուլում։ Այցի ընթացքում պատրաստված ուտեստների չափաբաժինները և սնվելու ժամերը հստակ նշված չեն եղել։ Պահպանված չեն եղել նաև սննդի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Հայտնաբերվել են ժամկետանց ալյուր և կարմիր պղպեղ, հիգիենայի և մաքրման միջոցներ, ինչպես նաև խոհանոցի սառցարանում առկա մսամթերքի վրա բացակայել է ժամկետների նշումը:
Աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են և առկա է աշխատակիցների ռեսուրսների պակաս:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
Նյութն՝ այստեղ