ԱԳՆ խոսնակ․ 44-օրյայից հետո Ադրբեջանը ՀՀ 150 քկմ տարածք է օկուպացրել

ԱԳՆ խոսնակ․ 44-օրյայից հետո Ադրբեջանը ՀՀ 150 քկմ տարածք է օկուպացրել

Դեռևս 1990-ական թվականներին Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ Արծվաշենը, Տավուշի մարզի Վազաշեն և Այգեհովիտ գյուղերի վարելահողերը, Բերքաբեր և Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո նոր թափ ստացած ագրեսիայի արդյունքում՝ ևս 150 քառակուսի կիլոմետր տարածք: Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադակյանը՝ պատասխանելով Ադրբեջանի 8 պահանջի մասին «Ազատության» հարցին։

«Զարմանալի է, որ Հայաստանի կողմից տարածքների օկուպացիայի մասին խոսում են մի երկրի պաշտոնյաներ, որի բարձրագույն ղեկավարությունն անթաքույց կերպով տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ երբեմն նաև հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն չունի, հետևաբար այն չի խախտվում իր զինված ուժերի առաջխաղացմամբ: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը բացահայտորեն խոստովանել է ՀՀ տարածքների օկուպացիան՝ սպառնալով ուժի կիրառման միջոցով նոր տարածքներ գրավել իր առավելապաշտական պահանջները չկատարելու դեպքում», – նշված է հայտարարությունում:

ՀՀ արտգործնախարարության խոսնակը նաև նշել է, որ Հայաստանի կոչերն Ադրբեջանին՝ հարգել սահմանային գիծը, որը ճանաչվել է երկու երկրների կողմից դեռևս Ալմա-Աթայի հռչակագրով, ինչպես նաև իրավական հիմնավորումներ ներկայացնել նշյալ գյուղերից մի քանիսի կապակցությամբ, մնացել են անպատասխան:

Նա նշել է նաև, որ Հայաստանի զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ ինքնիշխան տարածքներում։

Մանրամասներն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.