Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Փաշինյանը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին՝ որո՞նք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։
«Չնայած Պրահայում և Սոչիում եղել է արձանագրումը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց մենք խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռևս չենք կարողանում համաձայնության հասնել այն ձևակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը», – ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ և դրանք պահպանվում են:
«Հաջորդը՝ ցանկացած պայմանագիր, նույնիսկ ամենամիանշանակ գրվածները ունենում են տարընթերցումներ, ինչպես պետք է այդ տարընթերցումները լուծվեն, շատ կարևոր խնդիր է ի վերջո՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման հարցը։ Նկատի են առնվում և՛ միջազգային մեխանիզմները, և՛ տեղայինը, մասնավորապես, զորքերի ետքաշման հետ կապված, արդյոք մենք չպետք է ունենանք դելիմիտարիզացված՝ ապառազմականացված գոտի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ և դրանք պահպանվում են։ Իհարկե, կա որոշակի շարժ, եթե նախկինում կողմերի դիրքորոշումների միջև տարբերությունը 1 կմ էր, հիմա՝ 990 մետր, դա շարժ է, բայց հսկայական տարբերություն դեռ կա», – նշել է վարչապետը: