«Իրավունք» թերթը գրում է․ «Ադրբեջանի կառավարության ահաբեկչական գործողություններով արդեն մոտ 2 ամիս Արցախի շրջափակումը շարունակվում է: Ինչպե՞ս են տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, շրջափակման զուգահեռ ի՞նչ է կատարվում Արցախի ներքաղաքական կյանքում, հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանից, ով նախ փորձեց ներկայացնել առկա իրավիճակը Արցախում.
— Ազերիները ամեն ինչ անում են, որպեսզի մենք այստեղից գնանք, իսկ մենք էլ ամեն ինչ անում եւ անելու ենք, որ այստեղ մնանք: Հիմա, մեղմ ասած, նյարդերի պատերազմ է Արցախի եւ Ադրբեջանի միջեւ: Նրանք փակում են ճանապարհը, որպեսզի մենք լքենք մեր ծննդավայրը եւ հեռանանք, մենք էլ ամեն ինչ անում ենք, որպեսզի ապացուցենք այդ բարբարոս ազգին, որ միակ հեռացողն ու ճանապարհը ինքնակամ բացողը պետք է լինեն բացառապես իրենք: Իսկ պարենային սուղ իրավիճակը, բլոկադայի ողջ ծանրությունը մնալու է Ադրբեջանի եւ միջազգային հանրության խղճին: Մենք դիմակայել ենք ու դիմակայելու ենք: Սա պատերազմից էլ ծանր վիճակ է, սա մարդու իրավունքների խոշտանգման դասական օրինակ է, բայց դիմանում ենք, որպեսզի աշխարհին ապացուցենք, որ մենք, որպես քաղաքակիրթ ազգ, չենք կարող Ադրբեջանի հետ համատեղ ապրել: Կողք կողքի կարող ենք ապրել, բայց իրենց տիրապետության տակ՝ երբեք:
— Պարոն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան իշխանությունների կեցվածքը Արցախի և մասնավորապես՝ Լաչինի միջանցքի բացմանն ուղղված:
— Ո՛չ ես, ո՛չ էլ որեւէ գիտակից արցախցի ՀՀ քաղաքական դաշտից որեւէ սպասելիք չունենք, մեր հույսը մենք ենք՝ 120 հազար հայերս եւ աշխարհում գտնվող սթափ հայությունը, ովքեր ազնիվ ձեւով լծված են այս պայքարին:
— Այնուամենայնից, մենք տեսնում ենք, որ Արցախի ներքաղաքական կյանքում եւս որոշ խժդժություններ են նկատվում:
— Տեսեք, Դուք շատ ճիշտ նկատեցիք՝ խժդժություններ, ինչն ուղղակի սաբոտաժ է: Այսպես կոչված՝ անհատ ընդդիմադիր կոչվածների ասածները լուրջ վերաբերվել պետքչէ, նրանք չեն կարող որեւէ կերպով ազդել արցախցիներիս հաստատակամության վրա: Մենք շատ լավ գիտենք՝ որն է ճիշտը, որը՝ սխալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։