Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին:
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվում է, իրականությանը չեն համապատասխանում։
Կոչ անելով ԵԱՀԿ անդամ պետություններին ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ դեսպան Պապիկյանը բարձր է գնահատել մինչ այժմ ԵԱՀԿ մի շարք մասնակից երկրների հստակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը, որը սակայն բավարար չէ։
Դեսպան Պապիկյանը շեշտել է, որ հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու և նոր ագրեսիան կանխարգելելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։