Կառավարությունը 17 միլիարդ դրամ հատկացրեց ասֆալտապատման համար

Կառավարությունը 17 միլիարդ դրամ հատկացրեց ասֆալտապատման համար

Տաթև-Լծեն ավտոճանապարհն ավարտական փուլում է. այս մասին տեղեկացրել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ սա ռազմավարական նշանակության կարևոր ճանապարհ է։

«Էլի մի փոքր ուշացումով, բայց, այնուամենայնիվ, հասցնում ենք։ Վստահ ենք, որ մինչև առնվազն մայիս այս ճանապարհը կավարտվի»,-ասաց նա։

Կառավարությունն ավելի քան 17 մլրդ դրամ հատկացրել մի շարք ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ այս նախագծերից 13-ի շինարարությունն սկսվել է նախորդ տարի, դրանցից 10-ը առաջիկա ամիսներին կավարտվեն, մյուս երեքը տարվա ընթացքում կավարտենք:

«Նախագիծ ունենք, որոնց մրցույթներն արել ենք, շինարարության մեկնարկն է տրվում և ունենք 24 նախագծեր, որոնցից 21-ի շինարարության մեկնարկը կտանք այս տարի, իսկ երեքը՝ հաջորդ տարի: Այս փաթեթով հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհների երկարությունը 89,6 կմ է, իսկ պատվիրվող նախագծերը՝ 168 կմ: Այդ բոլորի համար նախատեսվում է հատկացնել 17,74 մլրդ դրամ, որից միայն 16,626-ը՝ շինարարության համար, 173 միլիոնը՝ տեխնիկական հսկողության, 162 միլիոնը՝ հեղինակային հսկողության, և 79 մլն դրամ՝ նախագծային փաստաթղթերի համար»:

Սանոսյանն ընդգծեց, որ բոլոր պայմանները ստեղծված են, եւ եթե շինարարները պատշաճ աշխատեն, բավական լավ շինարարական տարի կունենանք:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն մանրամասն թվարկեց, թե որ ճանապարհների մասին է խոսքը: Նրա խոսքով, մասնավորապես կհիմնանորոգվի Երևան-Մեղրի ճանապարհի Սուրենավան-Երասխ 12,2 կմ-անոց հատվածը:

Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, նախատեսվում է 2023 թվականին ավարտին հասցնել դրանք: Վարչապետը նշեց, որ Քաջարանից Մեղրի ճանապարհի հատվածի շինարարության աշխատանքներն ավարտական փուլում են:

Նախատեսվում է այս տարի ավարտել Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի Իծաքար-Գանձաքար 34 կմ-անոց հատվածը:

«9 կմ-ն արդեն արված է, մնացածը կավարտենք»,- ասաց Գնել Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Լոռու մարզի Ջրաշենի հատվածում՝ կամուրջ, հաջորդը՝ Գեղարքունիքի մարզում Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սևանի թերակղզի տանող 1,1 կմ հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնումը։

 

Leave a Reply

Your email address will not be published.