Հայկական կինոյի 100-ամյակը կանցկացվի ՅՈւՆԵՍԿՕ–ի տարբերանշանի ներքո. ՀՀ–ն առանձին տաղավար կունենա

Հայկական կինոյի 100-ամյակը կանցկացվի ՅՈւՆԵՍԿՕ–ի տարբերանշանի ներքո. ՀՀ–ն առանձին տաղավար կունենա

Հայ կինոյի 100 ամյակն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում։ Այս մասին կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով` Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումներն այս տարի կանցկացվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո:
«Մասնավորապես, իրականացնելու ենք «Հայկական կինոդար» ծրագիրը, որը սկսվելու է ապրիլի 16-ից և տևելու է շուրջ մեկ տարի։ Այդ ընթացքում հայկակական կինոյի 100-ի հասնող դասական և ժամանակակից ֆիլմեր ներկայացվելու են մարզերում և Երևանում, դրանց հնարավորություն են ունենալու մասնակցել դպրոցականները, հասարակության ամենատարբեր խմբերը, և դրանք ուղեկցվելու են քննարկումներով»,– ասաց նախարարը։
Անդրեասյանը նաև հայտնեց, որ Հայաստանում նախատեսվում է բացել կինոդպրոց և արվեստի աշխատանոցներ, որտեղ պատանի կինոսերներին հնարավորություն է տրվելու զբաղվել կինոարտադրությամբ։
Կաննի կինոփառատոնին Հայաստանն այս տարի կներկայանա առաձին տաղավարով ու հայկական ֆիլմերի առանձին ցուցադրումներով։
Հայկական կինոյի տարվա շրջանակներում անցկացվելիք միջոցառումների համար ՀՀ կառավարության որոշմամբ այսօր պետական բյուջեից հատկացվեց հավելյալ 240 542 000 դրամ։
Մեկդարյա գոյության ընթացքում հայ կինոարվեստը շուրջ 4000 խաղարկային, վավերագրական, անիմացիոն, հեռուստատեսային և փորձարարական ֆիլմերից բաղկացած ժառանգություն է ստեղծել, որը իրավամբ կարելի է համարել հայ ժողովրդի և Հայաստանի առավել նշանակալի ձեռքբերումներից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published.