Ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ փակ հանդիպման ժամանակ․ «Հրապարակ»

Ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ փակ հանդիպման ժամանակ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին, երբ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում էր, Նիկոլ Փաշինյանը երեկոյան շտապել էր խորհրդարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ փակ հանդիպման։ Ֆրակցիայից սակավաթիվ մարդիկ են մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը, քանի որ պատգամավորներից շատերը գործուղման են եղել։

Հանդիպումը կարճ է տեւել։ Փաշինյանի՝ խորհրդարան այցի նպատակը եղել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ նորությունները փոխանցելը, ավելի ճիշտ՝ գնացել է թիմակիցներին հայտնելու, որ Հայաստանը հերթական անգամ ադրբեջանական կողմին է ներկայացրել իր առաջարկները ու սպասում է պատասխանի։ Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել, թե խոսքն ինչ առաջարկների մասին է, պատճառաբանելով, թե դրանցում, ըստ էության, մեծ փոփոխություններ չկան, քան նախորդներն են եղել։ Բացի այդ՝ քանի դեռ քննարկումները շարունակվում են, եւ վերջնական համաձայնություն չի կայացվել, դրանց բովանդակության քննարկումն անիմաստ է այն պատճառով, որ Ադրբեջանը կարող է ինչ-ինչ պատճառաբանությամբ մերժել պաշտոնական Երեւանի առաջարկները։ Փաշինյանը հույս է հայտնել միայն, որ ընթացիկ տարում խաղաղության պայմանագիրը կստորագրվի, քանի որ, իր տպավորությամբ, կողմերի դիրքորոշումներն անհամեմատ մոտեցել են իրար։ Սակայն հավելել է, որ իրեն հուզող միակ խնդիրն այն է, թե ինչ է լինելու այդ փաստաթղթի ստորագրումից հետո։ ՔՊ-ականներին նա փոխանցել է, որ հայկական կողմի առանցքային պահանջներից մեկն այն է, որ կնքվելիք փաստաթղթում արձանագրվեն բոլոր այն երաշխիքները, որ պայմանագրի կնքումից հետո տարածաշրջանում կապահովվի տեւական խաղաղություն։

Նշենք, որ նախօրեին թիմակիցների հետ զրույցից հետո, երեկ էլ՝ կառավարության նիստի սկզբում, նա հայտարարեց, թե Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները եւ առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։

«Առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով։ Մենք նախագծի վրա աշխատում ենք հետեւյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի Ադրբեջանի համար։ Հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Հավելենք նաեւ, որ մի քանի օր առաջ էլ Արմեն Գրիգորյանն էր հայտարարել, թե «Ադրբեջանի փոխանցած տեքստի վրա մենք աշխատել ենք, փոխանցել, հետո ադրբեջանական կողմն է աշխատել ու կրկին փոխանցել մեզ։ Այժմ հայկական կողմն է աշխատում, եւ կարծում եմ, որ հնարավորինս շուտ այդ տեքստը պատրաստ կլինի, ու պատրաստ կլինենք փոխանցել այն ադրբեջանական կողմին։ Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումն ինչպես տեղի կունենա, բայց կարծում եմ՝ հանրությունն այդ մասին տեղյակ կլինի»։ Ասել էր նաեւ, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա։

Քաղաքական շրջանակներում համոզված են, որ Ադրբեջանին այդ փաստաթուղթն արդեն փոխանցվել է նախօրեին՝ Արարատ Միրզոյանի կողմից, Թուրքիայի միջոցով։ Ինչեւէ, հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերից մեկը, որը կողմերին թույլ չի տալիս դիրքորոշումները մոտեցնել, Արցախի հարցի՝ փաստաթղթում արձանագրումն է։ Արեւմուտքի կարծիքով, Հայաստանը պետք է հրաժարվի Արցախի հարցից՝ ճանաչելով այն Ադրբեջանի տարածքային մաս, եւ կնքի պայմանագիրը, իսկ ռուսական տարբերակն այն մասին է, որ խաղաղության պայմանագիրը՝ ճանապարհների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի եւ այլ կետերով, պետք է կյանքի կոչվի, իսկ Արցախի հարցը պետք է թողնվի անորոշ ապագային։

Հիշեցնենք, որ չնայած սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ ռուսական տարբերակով, սակայն դրանից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արձագանքեց, որ Պրահայում արդեն Փաշինյանը ձեռք է բերել այլ պայմանավորվածություն, եւ հիմա Հայաստանն ուզում է, որ մենք հաստատենք Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ մեր առաջարկը։ Իսկ Պրահայում քառակողմ ֆորմատով հանդիպման ժամանակ Ադրբեջանն ու Հայաստանը վերահաստատել էին 91 թվականին կնքված Ալմա-Աթայի հռչակագիրը՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։

Ի դեպ, վերջին շրջանում տեղեկություններ կան, որ խաղաղության պայմանագրում մտցվել է մի կետ, որը միջազգային հայտնի՝ կառուցողական «անորոշություն» կետն է։ Սա օգտագործվում է ծանրագույն լուծումների դեպքում, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն իր ձեւով մեկնաբանի։ Այսինքն՝ Բաքուն կարող է ասել՝ այո, Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, Հայաստանն էլ հայտարարի, որ «Արցախի կարգավիճակի հարցը մնում է դեռեւս առկախված»։

ՀԳ․ Ուշագրավ է, որ նախօրեին ՔՊ-ի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր հետ տարել է նաեւ անկուսակցական փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Leave a Reply

Your email address will not be published.