ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից առերևույթ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, 2023թ․ փետրվարի 17-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Կորեայի Ձոր կոչվող հատվածում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեսնելով իրենց, ձեռքի տոպրակը նետել է: Կասկածելով, որ տոպրակի մեջ առկա զանգվածը հնարավոր է թմրամիջոց լինի, նշված անձը, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի 1983թ. ծնված բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն յուրահատուկ հոտով զանգվածներ՝ 1.32 և 5.42 գրամ ընդհանուր քաշով: