Հաագայի դատարանի որոշումները պարտադիր կատարման համար են. Գուտերեշ

Հաագայի դատարանի որոշումները պարտադիր կատարման համար են. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը և Ադրբեջանի իշխանություններին հիշեցրել, որ դրանք պարտադիր կատարման համար են: Այս մասին նշված է հայտարարության մեջ, որում ՄԱԿ-ի ղեկավարի անունից հանդես է եկել նրա մամուլի խոսնակը՝ Ստեֆան Դյուժարիկը։

Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է միջազգային դատարանի նկատմամբ վստահությունը, որը ցուցաբերել են Հայաստանն ու Ադրբեջանը ՝ դիմելով այդ մարմնին տարաձայնությունները լուծելու համար։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշում է, որ Միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար և հավատում է, որ կողմերը կկատարեն դրանք, այդ թվում՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժի ապահովման մասին որոշումը»,- ասված է հայտարարության մեջ։

Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ կոչ անելով կողմերին գնալ կառուցողական երկխոսության։

Հիշեցնենք, որ Հաագայի ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին որոշում կայացրեց, որը պարտավորեցնում է Ադրբեջանին անխափան երթևեկություն ապահովել Լաչինի միջանցքով՝ Հայաստանը Արցախի Հանրապետությանը կապող միակ ճանապարհով։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի կեղծ բնապահպանները փակել են միջանցքը, ինչը Արցախում հանգեցրել է հումանիտար աղետի։

Leave a Reply

Your email address will not be published.