lragir.am֊ը գրում է․ «Բաքվի ոչ պաշտոնական խոսափողը հայտարարել է, որ չնայած աշխատանքից ազատել են Ռուբեն Վարդանյանին, նա անմիջապես հահտարարել է, որ մտադիր չէ հեռանալ Ղարաբաղից եւ չի պատկերացնում իր ապագան առանց Ղարաբաղի։ Խոսափողը գրում է, որ այս դեպքում Բաքվի վերաբերմունքը չի փոխվի, մասնավորապես՝ չի սպասվում Լաչինի ճանապարհին ակցիաների դադարեցում, քանի որ ցուցարարների գլխավոր պահանջներից մեկը կատարվել է մասնակի՝ Վարդանյանին թեեւ ազատել են, բայց դեռ չեն ստիպել լքել տարածաշրջանը։Ռուբեն Վարդանյանի հեռանալուց հետո Բաքուն նոր պահանջներ կդնի, օրինակ, որ նա հեռանա ընդհանրապես Հայաստանից, հեռանա ընդհանրապես Երկիր մոլորակից, դադարեցնի հարցազրույցներ տալը, եւ այսպես շարունակ։ Եվ ոչ միայն Ռուբեն Վարդանյանի հարցում։ Մոսկվայի եւ որ ամենակարեւորն է՝ Երեւանի տված իրավունքով Բաքուն ցանկացած պահանջ կդնի։
Ռուբեն Վարդանյանի «ոդիսականի» շուրջ մեկնաբանություններում հայկական թող ներվի ասել քաղդասն ու մամուլն իրենց տարերքի մեջ էին՝ Մոսկվայի մարդն է, թե ոչ, նրա նշանակման պատճառով փակվեց Լաչինի միջանցքը, Ռուսաստանը Վարդանյանին ուղարկել էր, որ դիմադրի Բաքվի պահանջներին, այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի պահանջով պաշտոնանկ արեց նրան, եւ այսպես շարունակ։
Ռուսները խաղում են մի քանի ուղղություններով, տվյալ դեպքում Նիկոլ-Արայիկ-Ռուբեն «եռամիասնությամբ» ու Ալիեւի մոդերատորությամբ, հայկական պոլտիկումն ու մամուլը սակայն մնում են ներքաղաքական աղբը փորփրելու մակարդակին։ Պատահական չէ, օրինակ, որ մինչ այժմ չկա հետեւյալ հարցադրումը՝ իսկ գուցե Փաշինյա՞նն է Ալիեւի ձեռքերով ազատվել Վարդանյանից։ Առայժմ, իհարկե։
Վարդանյանին ազատելու կապակցությամբ Արցախի նախագահի երկար-բարակ պարզաբանումներն ու հավաստիացումները բուն խնդիրը մոռացության տալու փորձեր են։ Շատերն արձանագրեցին, որ ազատման որոշումը համընկավ ՄԱԿ-ի դատարանի որոշմանը, որով պահանջվում է վերսկսել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Բայց մեկնաբանությունները սահմանափակվեցին բարոյական մակարդակում՝ գոնե մի քանի օր սպասեին, այսպես ստացվում է, որ Ալիեւի պահանջն են կատարում, եւ այլն։
Ինչ վերաբերում է Բերձորի արտատարածքային միջանցքին։ Լրագիրը, միջազգային իրավունքի մասնագետներ եւ փորձագետներ անդրադարձել են այն խնդրին, որ ՄԱԿ-ի դատարանին Հայաստանի հայցը կազմված էր այնպես, որ Արցախը ճանաչվում է որպես «Ադրբեջան»։ ՄԱԿ դատարանի վճռից հետո Հայաստանի ներկայացրած «հայ-ադրբեջանական կարգավորման» փաստաթղթի արտահոսքը հաստատում է այս հանգամանքը։ Եվ հարց է առաջանում՝ կարո՞ղ է միջանցքը Լաչինի շրջանում էքստերիտորիալ լինել, իսկ Լեռնային Ղարաբաղը ենթարկվել Բաքվի սահմանադրությանը ողջ տարածքով։
Մոսկվան Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի լուծարումը ՀՀ իշխանության համաձայնությամբ սկսել է 2022 թ․ օգոստոսին, երբ Բաքվին հանձնվեց միջանցքի այն հատվածը, որտեղով անցնում են գազատարը, էլեկտրական գծերը։ 2022-ի դեկտեմբերից միջանցքի արտատարածքային կարգավիճակի լուծարումը մտավ ավարտական փուլ․ ռուսները երկու կողմից փակեցին միջանցքը, ապահովելով ցապար ցեղերի «ակտիվիստների» անվտանգությունը Շուշիի մոտ»։