Վճռաբեկ դատարանը հիմնավորել է, որ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ կատարված արտահայտությունները չեն արատավորել Հայկ Մարությանի պատիվն ու համբավը։ Այս մասին հաղորդում է Fidelis Law Firm ընկերությունը։
«Հաղթական որոշում ՀՀ Վճռաբեկ դատարանում
Ֆիդելիս իրավաբանական ընկերությունը, ի դեմս հիմնադիր-գործընկեր Վարազդատ Հարությունյանի, տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանի, փոխտնօրեն Լուիզա Հովհաննիսյանի, դեռևս 2019 թվականից ստանձնել էր Սոննա Աղեկյանի իրավունքների պաշտպանությունը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ներկայացված հայցի դեմ (պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պ/մ):
Թե՛ առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ դատարանի դատական ակտերը մեր վստահորդի դեմ են կայացվել:
Մեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում, Վճռաբեկ դատարանը բեկանել և փոփոխել է կայացված դատական ակտը՝ վերականգնելով դրանով խախտված մեր վստահորդի խոսքի ազատության իրավունքը:
Արդյունքում, Վճռաբեկ դատարանը հիմնավորել է, որ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ կատարված արտահայտությունները ունեցել են հստակ ուղղվածություն, մասնավորապես Սոնա Աղեկյանը նպատակ է ունեցել հանրությանը իրազեկել Երևան քաղաքում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև հնչեցված արտահայտություններն իրենցից ներկայացրել են կարծիք, քննադատություն, գնահատողական դատողություններ ուղղված քաղաքապետին և քաղաքային իշխանություններին և չեն արատավորել Հայկ Մարությանի պատիվն ու համբավը»,- նշվում է հաղորդագրության մեջ։