Երեւանում այսօր՝ մարտի 20-ին, ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասով անցնող գնացքի գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ եւ տեղում մահացել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների խումբն արձանագրել է քաղաքացու մահը։ Բժիշկները նաեւ տեղում բուժօգնություն են ցուցաբերել մահացածի հարազատներին, քանի որ նրանց ինքնազգացողությունը վատացել էր։ Պարզվել է, որ մահացածը Երեւանի բնակիչ 71-ամյա ալվարդ Թ․-ն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար գնացքավարի ինքնությունը։ Կան օպերատիվ տեղեկություններ, որ գնացքավարը նկատել է գնացքի գծերի վրայով անցնող քաղաքացուն, մի քանի անգամ շչակ է միացրել, սակայն դա օգուտ չի տվել, իսկ գնացքը չէր կարող կտրուկ արգելակել։