Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի («Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ») ատենապետ Հարություն Սիմոնյանին և տեղական մարմնի ծրագրերի համակարգող Նշան Սարիջյանին:
Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին շեշտել է, որ միշտ պատրաստակամ է հնարավորության դեպքում հանդիպել հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել ընթացիկ ծրագրերն ու հիմնադրամի գործունեությանն առնչվող այլ հարցեր:
«Կարող եմ հավատացնել ձեզ, որ ձեր ներդրումն իրականություն է դառնում, այն ինչ արվում է՝ տեսանելի է, բոլորը տեսնում են, այդ աշխատանքով նաև հիմնադրամն է ներկայանում որպես այդպիսին ցույց տալով, որ ինքը միշտ կա և անհրաժեշտության դեպքում միշտ կանգնած է պետության կողքին»,- նշել է նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Հարություն Սիմոնյանը նշել է, որ անկախ դժվարություններից հիմնադրամի տեղական մարմինները բնականոն կերպով իրենց գործունեությունն են իրականացնում՝ աջակցելով Հայաստանի Հանրապետությանն ու հիմնադրամին:
Հանդիպման ընթացքում հյուրերը նախագահին մանրամասներ են ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերի վերաբերյալ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Նիդերլանդների հայկական համայնքում առկա ընդհանուր իրադրությանը, համայնքային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին: