Ո՞ր դեպքում Բաքու-Ստեփանակերտ հանդիպումները կարող են դառնալ բանակցություն․ Օրվա լուրերը հակիրճ (տեսանյութ)

Ո՞ր դեպքում Բաքու-Ստեփանակերտ հանդիպումները կարող են դառնալ բանակցություն․ Օրվա լուրերը հակիրճ (տեսանյութ)

Կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը 13-րդ անգամ դադարեցրեց գազամատակարարումը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որտեղ ասվում է՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով  գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո։ Փաշինյանը ընդգծել է, որ միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու համար Ադրբեջանը չի պատժվում, ինչն էլ դրդում է գնալ նորանոր սադրանքների:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստին ասաց, որ մշակվել է մի նախագիծ, որով փորձ է արվել սահմանել սովորելու համար պետության գերակա ուղղություններն ու ստեղծվել է մի շրջանակ, որը նպաստելու է հայաստանյան բուհերի միջազգային վարկանիշավորման համակարգերում դիրքերի բարելավմանը։ Նրա խոսքով՝ այս պահին ցանկում ընդգրկվել է 5 բուհ՝ ԵՊՀ-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիական համալսարանը, Ռուս-հայկական սլավոնական համալսարանը, Հայաստանում ամերիկյան համալսարանը և Ֆրանսիական համալսարանը: Չեն դիտարկել ինֆորմատիկա և ՏՏ ոլորտի մասնագիտությունները՝ հաշվի առնելով այս ուղղություններով դիմորդների և դիմելիության մեծ թիվը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ասաց, որ արդեն 102 օր է Արցախի  ժողովուրդը գերության մեջ է, փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ: Առաջինը տնտեսական շրջափակումն է, որը տեղի է ունենում էներգամատակարարման, գազամատակարարման դադարեցումների, Արցախ ներկրվող ապրանքների մատակարարման դադարեցմամբ, գյուղատնտեսական աշխատանքների խաղաղ ընթացքին խոչընդոտելով: Երկրորդը ֆիզիկական ուժի կիրառումն է։ Արցախցիները գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնում են ադրբեջանական դիրքերից մշտապես հնչող կրակոցների ներքո:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Leave a Reply

Your email address will not be published.