Ազատ Արցախը այլևս չի ողջունում ձեզ (լուսանկար)

Ազատ Արցախը այլևս չի ողջունում ձեզ (լուսանկար)

Նախկինում Ազատ Արցախը ողջունում էր մեզ անգամ ցուցանակից, իսկ հիմա չի ողջունում ո՛չ ցուցանակից, ո՛չ էլ առավել ևս՝ իրականում։

Արցախի տեղեկատվական շտաբը նախօրեին հայտնեց, որ Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, և չնայած սրան՝ Արցախի ներքին գործերի նախարարությունը շտապեց տեղեկացնել.

«Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը…»։

Մինչ Արցախից առաջարկում էին օգտվել այլընտրանքային երթուղուց՝ առանց դեպքի վերաբերյալ պարզաբանումների, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում էր, որ ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի Ջաղազուր և Աղավնո գյուղերի միջև ընկած տարածքը։

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հտ կապված վերջին զարգացումներին, նշեց, որ Հայաստանը մտադիր է խնդրո առարկա հատվածի պահպանությունն իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով։

Արդեն այսօր պարզ դարձավ, որ Արցախի խորհրդանիշ համարվող  «Դեդո Բաբո»-ի նմանողությամբ կառուցված արձանի հատվածը, ինչպես նաև «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» հայտնի պաստառի հատվածը նույնպես անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Միջէթնիկ հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Արցախի ՆԳՆ հրապարակած տեղեկությունը, թե Ադրբեջանի զորքը փակել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ժամանակավոր հատվածը, վերաբերում է այն ճանապարհին, որը պետք է սպասարկեր մեզ, մինչև Կոռնիձորով անցնող ճանապարհի պատրաստ լինելը։

«Ի սկզբանե այդ ճանապարհահատվածը ևս Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածություն եղել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև, ու ամիսներ շարունակ երբ աղաղակում էինք այդ հանցավոր գործարքի մասին, մարդիկ գերադասում էին հավատալ Հայաստանի հանցավոր իշխանության լռությանը, քան սպասվող նոր հանձնումներին»։

Փորձագետը նշել էր, որ ստեղծված իրավիճակի պատճառով հիմա նաև Տեղի բնակիչներն են հայտնվելու թշնամու թիրախի տակ։

Համացանցի մի շարք օգտատերեր անդրադարձել էին Արցախի ազատությունը խորհրդանշող պաստառի՝ ադրբեջանական կողմին անցնելը ու գրառումներ էին արել իրենց սոցցանցերում։

Մասնավորապես, Արցախի Հանրային հեռուստատեսության խմբագիր-հաղորդավար Ծովինար Բարխուդարյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Էս ցուցանակը սովորական թիթեղ չէր։

Էս ցուցանակին գրված բառերը սովորական բառեր չէին։

Էս ցուցանակի մոտ յուրաքանչյուրը և բոլորը հուզվում էին…կանգնում…նկարվում…

Մի տարի առաջ հրապարակավ խնդրել էինք,գոնե, ճանապարհը հանձնելուց առաջ հանել այն.այո`մի օր այն կրկին տեղադրելու երազանքով…նպատակով…

Ասում եք՝պարտվել ենք,որովհետև Ազգային Գաղափար չունեինք, Ազգային Նպատակ չունեինք…

Ունեինք. Ազատ Արցախն էր Ազգային Գաղափարը…

Իսկ սատանան մանրուքներում է…

Իսկ մենք շարունակում ենք հանդուրժել սատանային…

Այսքան սիրելով կյանքը՝ չենք պայքարում հանուն այդ կյանքի։ Իսկ կյանքը Հայրենիքն է ու Հայրենիքում է…

Հ.Գ. Այս ցուցանակը թափոն չպիտի դառնար… »։

Մինչ հայկական ֆեյբուքյան տիրույթը «ցավում է» պաստառի կորստի համար, ադրբեջանական կողմի տարածած լուսանկարներից կարելի է ենթադրել, որ «Ազատ Արցախը» վաղուց վերածվել է թափոնի։

Ազատ արցախը մեզ այլևս չի ողջունում։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.