Տարվա 94-րդ օրը՝ ապրիլի 4-ն է այսօր և տարվա ավարտին մնում է 271 օր։ Բաց TV-ն ուսումնասիրել է պատմության խորքերը՝ պարզելու, թե ինչ հետաքրքիր իրադարձություններով է պատմության մեջ նշանավորվել ապրիլի 4-ը։
Այսօր նշվում է համացանցի միջազգային օրը։ Համացանցը սկսել է ձևավորվել 1960-ական թվականներից, երբ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից հանձնարարված էր հետազոտություններ կատարել համակարգչային ցանցի միջոցով հուսալի և անխափան կապ ստեղծելու նպատակով։ 1990-ականների սկզբին ժամանակակից համացանցի սկիզբը դրվեց առևտրային ցանցերին ձեռնարկությունների միացումով, և հիմնարկային, անձնական ու բջջային համակարգիչների միացումը այդ ցանցին նպաստեց վերջինիս արագ աճին։ 2000-ականների վերջին համացանցային ծառայությունները և տեխնոլոգիաները ներառվել են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։
Չինաստանում այսօր՝ ապրիլի 4-ին նշվում է ամենաբարի անմեղ ու լուսավոր էակների՝ երեխաների օրը։
Իսկ Անգոլայում էլ նշվում է, երևի թե, աշխարհի լավագույն երևույթի՝ խաղաղության օրը։
Աշխարհում քիչ են այն երկրները, որոնք ելք չունեն դեպի ծով և այդ երկրներից մեկը Բոլիվիան է, որը 1884 թվականի այս օրը Չիլիին զիջեց Անտոֆագաստա երկրամասը՝ զրկվելով դեպի ծով ունեցած ելքից։
Ապիլի 4-ը նշանավորվում է նաև հիշարժան ծնունդներով։
1820 թվականի այս օրն է ծնվել հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս Խրիմյան Հայրիկը։ Իբրև 1878 թվականի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Խրիմյան Հայրիկը նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը։ Հիասթափված արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգային-ազատագրական պայքարը։
1840 թվականի ապրիլի 4-ին է ծնվել նաև հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Ղազարոս Աղայանը նաև Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված «Վերնատուն» գրական խմբակի մշտական անդամներից էր։