Մհեր Սահակյանի նկատմամբ կալանավորման միջնորդություն ներկայացնելը շատ տարօրինակ կլինի․ Ռուբեն Մելիքյան

Մհեր Սահակյանի նկատմամբ կալանավորման միջնորդություն ներկայացնելը շատ տարօրինակ կլինի․ Ռուբեն Մելիքյան

Մեր մոտեցումների մեջ որևէ բան չի փոխվել, մեր դիրքորոշումները շարունակում են մնալ նույնը։ Այս մասին ԱԺ-ում լրագողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ-ում պատգամավորների նկատմամբ իրականացված քննչական գործողություններին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այն, ինչ մենք ներկայացրել ենք հանրությանը, որևէ կերպ չի փոխվել։ Ես չեմ ուզում հիմա իմ կանխատեսումներն այստեղ հրապարակել, բազմաթիվ հարցեր կան, որոնք քննության ընթացքում պետք է պարզաբանվեն։ Վտանգ, իհարկե կա, որ կարող է լինել օբյեկտիվ իրականությունից շեղվող ինչ-որ բան, բայց ասել, որ մենք ունենք համզոմունք կամ հիմիկվանից մեղադրանքներ հնչեցնենք, սխալ կլինի։ Առաջին օրից մենք ընդունել ենք հարվածի առկայությունը, մեջբերեմ Մհեր Սահակյանի խոսքը՝ «Եթե թույլ եմ տվել  ինքնապաշտպանության սահմանների անցում, ապա  պատրաստ եմ դրա համար պատասխան տալ»: Այս տեսանկյունից իրավաբանորեն մենք շատ չենք զարմանա, եթե Գլխավոր դատախազը հանդես գա միայն քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ»,- ասաց Մելիքյանը:

Նա նշեց, որ հնարավոր կալանավորման միջնորդություն ներկայացնելը Մհեր Սահակյանի նկատմամբ շատ տարօրինակ կլինի։

«Մենք բոլորս գիտենք, որ իրավապահ մամիններն ամբողջովին քաղաքական իշխանության վերահսկողության տակ են  ու այս գործով չէ, որ այդ հետևությանը պետք է գանք։ Բայց հույս ունեմ, որ իրավապահ մարմիններում մարդիկ կան, որոնք ունեն մասնագիտական արժանապատվություն»,- ասաց պաշտպանը։

Վերջինս նշեց, որ առերեսումներն արվում են ճշմարտությունը բացահայտելու համար և պետք չէ բացասական նայել ԱԺ-ում այսօր տեղի ունեցած առերեսումներին։

«Մարմնական վնասվածք հասցնելու հարցը մի կողմ դնելով՝ կասեմ, որ մենք դեմ էինք և շարունակում ենք դեմ լինել խուլիգանության վարկածին, Վլադիմիր Վարդանյանը հաղորդում էր ներկայացել ինչ-որ առարկայով հասցված հարվածի մասին, անկեղծ ասած՝ հույս ունեմ, որ Վարդանյանը ինչ-որ մի օր կասի, որ իրականում նման բան չի եղել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Leave a Reply

Your email address will not be published.