ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։ Այն ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Դատախազը որոշ մանրամասներ է հայտնել ցուցմունքներից։ «Վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը մարտի 31-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանի, Վիգեն Խաչատրյանի և Ալխաս Ղազարյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Գեղամ Նազարյանի և Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ նիստը նախագահող ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ Արծվիկ Մինասյանի կողմից քննարկման թեմայից շեղվելու պատճառով նիստի բնականոն ընթացքը վերականգնելու և քննարկման թեմային վերադառնալու նպատակով մասնակիցներին արված դիտողությունը որպես առիթ օգտագործելով՝ ցուցադրաբար հակադրվել է Վլադիմիր Վարդանյանին և ներկաների հանդեպ անհարգալից, ինչպես նաև իրավական, այդ թվում՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով ամրագրված նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես, Մհեր Սահակյանը ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին, հանձնաժողովի փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վլադիմիր Վարդանյանի միջև նստած Ալխաս Ղազարյանին, մոտեցել Վլադիմիր Վարդանյանին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Մհեր Սահակյանը ներկա է ԱԺ նիստին։
Նյութի աղբյուրն ՝ այստեղ