Եթե քաղաքական ուժերը որևէ բան չձեռնարկեն, ստիպված մենք բեռը կվերցնենք մեզ վրա, և ժողովրդին մեր մոտեցումները կներկայացնենք, որ մեր սահմաններին խնդիրները կարգավորենք, այս իշխանություններից ազատվենք և ժամանակավոր կառավարություն ձևավորենք: Այս մասին ՔԿ-ի դիմաց 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
«Առաջին հերթին անվտանգության հարցերը փորձենք լուծել, նոր մնացած խնդիրները: Պետք է բոլորը հասկանան, որ բոլորը կարող են հայտնվել երեկվա մարդու վիճակում, Հայաստանում որևէ գյուղ, կամ քաղաք ապահով չէ»,-ասաց նա:
Նա նշեց, որ վաղը 15:00-ին հանդես կգան հայտարարությամբ իրենց հետագա քայլերի վերաբերյալ:
«Քննչական կոմիտեի նախագահը կարող էր դուրս գար, գնար և այդ շոուն չարվեր ոստիկանների հետ կապված, մենք ոչ ճանապարհ ենք փակում, ոչ մի բան: Մենք պահանջ ենք ներկայացրել իրենց և ուզում ենք, որ մեր պահանջը կատարվի, մենք իրենց ողջամիտ ժամանակ ենք տվել մինչև վաղը 15:00 և բոլոր մեր մտածող քաղաքացիներին կանչել ենք ՔԿ-ի մոտ: Մինչև այդ եթե մեր պահանջը չկատարվեց, մենք մեր նստացույցը կդադարեցնենք և կհայտարարենք հետագա քայլերի մասին»,-ասաց նա:
Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները այսօր ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին: