Վահան Շիրխանյանը համոզում էր, որ որդիս ադրբեջանական բանտում է. զոհվածի մայր

Վահան Շիրխանյանը համոզում էր, որ որդիս ադրբեջանական բանտում է. զոհվածի մայր

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մինչ օրս չի ներկայանում առերեսման` խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ցորի» զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը։
Նրա խոսքով` երբ ինքը շուրջ 12 ամիս փնտրում էր իր կորած որդուն, Վահան Շիրխանյանն իրեն համոզել է, թե որդին ադրբեջանական բանտում է։

«Ասում էր` տղադ Բաքվի բանտում է, մի ոտքից կաղալով գոյատևում է»,– ասաց նա։

Տիկին Նաիրայի խոսքով` իրենից բավականին մեծ գումարներ են շորթել` իբրև թե որդուն վերադարձնելու համար։

«Կա հարուցված քրեական գործ և այդ գործով կա մեկ ձերբակալված, մի մարդ, որին Շիրխանյանը բերել ու ներկայացրել էր որպես հետախույզ, որ իբր տեղեկություններ է բերել։ Մինչ օրս Վահան Շիրխանյանն առերեսման չի ներկայացել»,– նշեց կինը։
Տիկին Նաիրան պահանջում է, որ Շիրխանյանը ևս պատասխանատվության ենթարկվի, սակայն իրավապահ համակարգն այդ ուղղությամբ որևէ քայլ չի անում։
Նա հավելեց, որ այսքանից հետո իրենք` զոհվածների ծնողները, գործող իրավական համակարգից որևէ ակնկալիք չունեն, դրա համար էլ որոշում են կայացրել քաղաքական պայքար սկսել։
Հիշեցնենք, որ այսօր ՔԿ–ի մոտ ակցիա իրականացնող զոհվածների ծնողները հայտարարեցին, որ սկսում են քաղաքական պայքար ու այն շարունակելու են, քանի դեռ գործող իշխանությունները հեռացված չեն։

Leave a Reply

Your email address will not be published.