Պատգամավորները հրատապ են համարել Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցի բարձրացման անհրաժեշտությունը

Պատգամավորները հրատապ են համարել Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցի բարձրացման անհրաժեշտությունը

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ապրիլի 25-ին ընդունել են Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովը։

Հայաստանում առաջին անգամ գտնվող պատգամավորը եղել է Սյունիքի մարզում, տեղում ծանոթացել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու եւ միջանցքը պաշտոնապես արգելափակելու աշխատանքներին:

Արման Եղոյանը նշել է, որ Ադրբեջանի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու եւ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետեւողական իրագործմանը: Խորհրդարանականը նաեւ իրազեկել է եվրոպացի գործընկերոջը, որ ադրբեջանցի պաշտոնյաներն արդեն իսկ հրապարակայնորեն առաջարկում են ԼՂ բնակչությանը ստանալ ադրբեջանական անձնագրեր:

Զրուցակիցները հրատապ են համարել Եվրոպական խորհրդարանում հարցի բարձրացման անհրաժեշտությունը:

Պատգամավորները քննարկել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, կարեւորվել է սահմանամերձ բնակավայրերում համատեղ վերականգնողական ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաեւ հայ-կիպրական բարեկամության, երկու ժողովուրդների առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանն ուղղված հարցերի վերաբերյալ:

Leave a Reply

Your email address will not be published.