«Այսօր մենք ստացանք մեր առաջին էլեկտրաավտոբուսը, որը պետք է փորձարկենք»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը հայտնեց, որ ավտոբուսն իրենց մոտ է գտնվում և վաղը դուրս կգա երթուղի:
«Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, մենք ներմուծել ենք առաջին փորձնական էլեկտրաավտոբուսը, իհարկե, մնացածի մակնիշը չգիտենք, բայց, ինչպես նախկինում խոսել ենք, համապատասխան մրցույթ ենք իրականացնելու և կներմուծենք ևս 250 էլէկտրաավտոբուսներ Երևանի տրանսպորտային ցանցում ներդնելու համար»,-հայտարարեց Ավինյանը:
Նա ասաց, որ դրանք կփոխարինեն երկար ծառայած «Հիգեր» մակնիշի և մանուշակագույն ավտոբուսներին, որոնք շարժակազմի նվազ լինելու պատճառով ոչ պատշաճ ծառայություն են մատուցում:
Ավինյանը հայտարարեց, որ շարունակելու են կանաչ տրանսպորտ ներմուծել, որն իրենց ամենակարևոր հանձնառություններից մեկն է օդի որակի բարելավման առումով:
«Բացի այն, որ օդի որակի հարցում պահանջներ ենք ներկայացնում մասնավորին, կարծում եմ ինքներս մեզնից պետք է սկսենք և էլեկտրաավտոբուսները, վստահ եմ այդ ճանապարհին ամենակարևոր քայլերից մեկն է»,-հայտարարեց փոխքաղաքապետը: