Նիկոլ Փաշինյանը ֆրանսիացի պաշտոնյային հիշեցրել է՝ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար օգնությունը ԼՂ ժողովրդին չի հասել

Նիկոլ Փաշինյանը ֆրանսիացի պաշտոնյային հիշեցրել է՝ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար օգնությունը ԼՂ ժողովրդին չի հասել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը կարևորել է նրա այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների բարեկամության ամրապնդման գործում ներդրման, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությանը նպաստելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստեղծված իրավիճակին Ֆրանսիայի արձագանքը մեր ժողովուրդների բարեկամության լավագույն արտահայտումներից է: Փաշինյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը դեռևս ԼՂ ժողովրդին չի հասել և բարձր գնահատել ֆրանսիական կողմի քայլերը:

Ժան-Լուի Բուրլանժը ևս մեկ անգամ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և ԼՂ ժողովրդին` հաղթահարելու դժվարություններն ու առկա խնդիրները:

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով զորքերի տեղաշարժերի հետևանքով ստեղծված լարվածությանը, ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ քայլերին, հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունից:

Leave a Reply

Your email address will not be published.