Հրանտ Բագրատյանի խափանման միջոցը փոխվեց

Հրանտ Բագրատյանի խափանման միջոցը փոխվեց

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստին դատավոր Մանվել Շահվերդյանը բավարեց պաշտպանների միջնորդությունը և փոխեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելը։ Երկրից բացակայելու արգելքը Հրանտ Բագրատյանի նկատմամբ վերացվեց։

 

Հրանտ Բագրատյանին մեղադրում են «բռնության կոչեր» հնչեցնելու համար։

 

Մեղադրական եզրակացության համաձայն. «Հրանտ Արարատի Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 16:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 19-րդ հասցեում գտնվող ՀՀ ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության կողմից անցկացվող հավաքի ժամանակ, Հրանտ Արարատի Բագրատյանը բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի համար, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր, այն է՝ խոսելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «արա ինչի եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով», որպիսի գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել»:

Leave a Reply

Your email address will not be published.