Պատվերով հրդեհ Էջմիածնում. հրկիզման փաստը ֆիքսել էր տեսահսկող սարքը

Պատվերով հրդեհ Էջմիածնում. հրկիզման փաստը ֆիքսել էր տեսահսկող սարքը

 

 

Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցում տեղի ունեցած հրկիզման փաստը ֆիքսել էր տեսահսկող սարքը:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ այդ մասին ահազանգը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչել էր դեռևս հոկտեմբերի 14-ին:

 

Շինանյութի խանութի աշխատակիցները պահեստում ծագած հրդեհը կարողացել էին մարել իրենց ուժերով: Հետո նաև հաշվել էին, որ պատճառվել էր մոտ չորս միլիոն դրամի նյութական վնաս:

 

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրական վարույթ:

 

Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվեցին մոտ մեկ ամիս անց: Եվ ժամանակի մեծ մասն իրավապահները ծախսեցին հիմնավոր ապացույցներ ձեռք բերելու վրա:

 

Ըստ նախնական տվյալների` հրկիզումը, այսպես ասած, ենթամշակութային մրցակցության հետևանք էր, և այն կազմակերպել էր շինանյութի մոտակա մեկ այլ խանութի 38-ամյա սեփականատերը:

 

Նոյեմբերի 10-ին հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեցին հրկիզողները` Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 18 ու 21 տարեկան երիտասարդները:

 

Իրենց հանցավոր արարքի համար պատվիրատուից 100-հազարական դրամ ստացած հրկիզողները կալանավորվեցին: Իսկ նոյեմբերի 12-ին իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում Վաղարշապատի քննչական բաժին ներկայացավ հրկիզման պատվիրատուն:

 

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

 

Leave a Reply

Your email address will not be published.