ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայաստանի կինոգործիչների միության համագործակցությամբ «Օրացույց» գիտաստեղծագործական ՀԿ-ն նոյեմբերի 21-26-ը Երևանի Կինոյի տանը կանցկացնի ԱՊՀ երկրների միջազգային սեմինար՝ «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ սեմինարի նպատակն է քննարկել ժամանակակից կինոինդուստրիայի զարգացման մարտահրավերները, ստեղծել ԱՊՀ երկրների կինոգործիչների համար նոր հարթակ` կինոարտադրության առավել արդյունավետ համագործակցության և նոր կինոշուկաների ստեղծման համար:
Սեմինարին կմասնակցեն ԱՊՀ երկրներից ժամանած կինոգործիչներ, պրոդյուսերներ, կինոարտադրողներ, կինոգիլդիաների անդամներ, կինոքննադատներ, մշակութաբաններ:
Քննարկումների առանցքում են հեղինակային և հարակից իրավունքների խնդիրները, փառատոնային շարժումները՝ որպես կինոինդուստրիայի զարգացմանը նպաստող գործոններ, կինոակումբների և կինոթատրոնային զարգացումների հարցերը և այլ թեմաներ:
Կհնչեն թեմատիկ զեկուցումներ, տեղի կունենան ոլորտային և կլոր սեղան-քննարկումներ՝ կինոփառատոների և կինոգիլդիաների ղեկավարների մասնակցությամբ:
Սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ԱՊՀ անդամ տարբեր երկրներում արտադրված ֆիլմեր, ծանոթանալու Հայաստանում ստեղծված ժամանակակից կինոյին և քննարկելու դրանք: Նրանց կներկայացվեն նաև Հայաստանի կինոգործիչների միության ենթակառուցվածքները, հայ կինոյի պատմությունը, անցած ճանապարհը, հայկական կինոժառանգությունը: Մասնակիցները կայցելեն Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մատենադարան, Ազգային պատկերասրահ: