Գերիների փոխանակման դրական ազդակից հետո հույս ունենք, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին. Արարատ Միրզոյան

Գերիների փոխանակման դրական ազդակից հետո հույս ունենք, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին. Արարատ Միրզոյան

Հայաստանը ներկայումս առերեսվում է լրջագույն մարտահրավերների, Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր կառավարության և բոլոր պատկան մարմինների ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ. ուժի կիրառման արդյունքում նրանք մեկ շաբաթվա ընթացքում ստիպված էին լքել իրենց տները: Այս առումով մենք երախտապարտ ենք ԵՄ և ԵՄ անդամ պետություններին Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային ներհոսքը կառավարելու հարցում Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության համար»,- ասել է նա։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք:

«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմվելով ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքերի վրա: Նույն այն սկզբունքների, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանների փոխադարձ ճանաչմանը, հաղորդակցությունների, տրասպորտային ենթակառուցվածքների բացմանը, որոնք մենք նախկինում ընդունել էինք Բրյուսելում ղեկավարների եռակողմ հանդիպումների ժամանակ:

Բազմաթիվ առիթներով մենք ցույց ենք տվել մեր պատրաստակամությունն ու վճռականությունը մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով տևական խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում,  որտեղ բոլոր երկրները կապրեն բաց սահմաններով և կապված կլինեն ակտիվ տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերով։ Մեր կառավարությունը վերջերս ներկայացրել է ապագայի մեր տեսլականը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»՝ որպես խաղաղության օրակարգի մաս: Այս ծրագրի հիմքում ընկած է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրական գծերի վերանորոգման, կառուցման և շահագործման միջոցով: Ավելին, Ադրբեջանի հետ վերջերս ընդունված համատեղ հայտարարությունը գերիների ու պահվող անձանց փոխանակման և COP29 համաժողովի վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեր վճռականության ևս մեկ դրսևորում է: Մենք հույս ունենք, որ այս դրական ազդակից հետո Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին։

Մենք կարծում ենք, որ այս ձևաչափն ու նախաձեռնությունները, որոնցում մենք ներգրավված ենք, պետք է ծառայեն մեր գործընկերների և հարևանների հետ մեզ ավելի մոտեցնելու վերջնական նպատակին։ Անհրաժեշտ եմ համարում վերահաստատել, որ ԱլԳ գործընկեր բոլոր երկրները պետք է հավատարիմ լինեն նույն արժեքներին և սկզբունքներին, քանի որ առանց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, առանց ապահով և խաղաղ միջավայրի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ձախողման»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Leave a Reply

Your email address will not be published.