Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ գերիների վերադարձը կլինի առաջիկա օրերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կարող է փոխանցել 32 հայ գերիների վերադարձի հետ կապված։
«Սպասում ենք։ Կարծում եմ մոտ ժամանակներում տեղեկություններ կունենանք։ Պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել, որևիցե նորություն դրա հետ կապված կամ փոփոխություն՝ չկա: Գործընթացն ընթացքի մեջ է։ Հույս ունեմ և ենթադրում եմ առաջիկա օրերին կլինի»,-ասաց Սիմոնյանը։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել են համատեղ հայտարարություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։