ԵՄ-ն Հայաստանով հետաքրքրված է հիմնականում որպես պատվար Կովկասում ռուսական ազդեցության դեմ. Ռար

ԵՄ-ն Հայաստանով հետաքրքրված է հիմնականում որպես պատվար Կովկասում ռուսական ազդեցության դեմ. Ռար

Գիտեք, ես կարծում եմ, որ դիվերսիֆիկացիան կամ բազմավեկտոր քաղաքականությունը ճիշտ բան է. Հետևաբար, Հայաստանի նման երկրներին, որոնք շատ ավելի թույլ են, քան հյուսիսում, արևելքում, արևմուտքում կամ հարավում գտնվող հարևանները, օրինակ՝ Իրանը՝ որպես գլխավոր հարևան, պետք է իրավունք տրվի, լիակատար ազատություն և հնարավորություն տրվի՝ իրականացնելու բազմավեկտոր քաղաքականություն, կնքելու հրադադարի դաշինքներ, զարգացնելու կապերն իր բոլոր հարևանների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների և Էներգետիկ հարցերով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռարը:

«Սա ապագայում կապահովի Հայաստանի զարգացումը։ Ես չեմ ասում, որ դա տեղի է ունենում, բայց ես խոսում եմ այն վտանգների մասին, որոնք կարող են ի հայտ գալ աշխարհաքաղաքական այս համատեքստում․ եթե Հայաստանը քաղաքական խաղերում սուբյեկտից վերածվի օբյեկտի՝ չունենալով իր ռազմավարական զարգացման ուղին ընտրելու և բազմավեկտոր քաղաքականություն վարելու իրավունք, ապա դա կարող է վտանգավոր լինել ոչ միայն Հայաստանի, այլև Կովկասի այլ պետությունների համար։

Իմ մտավախությունն այն է, որ հակամարտությունների պատճառով, օրինակ՝ Ուկրաինան, միգուցե Արևմուտքի և Չինաստանի միջև հակամարտությունը Թայվանի շուրջ, և առհասարակ աշխարհում մեծ ճգնաժամի պատճառով Կովկասի նման տարածաշրջանները, Հայաստանի նման փոքր պետությունները կարող են ինչ-ինչ աշխարհաքաղաքական գաղափարների և նպատակների համար շահագործվել այլ երկրների, շատ ավելի ուժեղ դերակատարների կողմից։

Դա չպետք է տեղի ունենա, ոչ ոք չպետք է դեմ լինի արդյունավետ համագործակցությանը, ռազմավարական գործընկերությանը, և լավ է, որ ԵՄ-ն ու Հայաստանը մերձենում են։ Սակայն ԵՄ-ն, հուսով եմ, հասկանում է, թե որ երկրների հարևանությամբ է գտնվում Հայաստանը և ինչպիսի կոնֆլիկտներ կարող են ծագել, եթե աշխարհաքաղաքական իրավիճակը վատթարանա»,-ասաց նա:

Ռառը նկատեց, որ նաև շատ լարված իրավիճակ է Ռուսաստանի և Վրաստանի միջև։ «Վրաստանը նույնպես ցանկանում էր դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և այժմ շեղվում է այդ նպատակից, քանի որ գիտակցում է, որ չի կարող դա անել, առնվազն այս պահին։ Այնպես որ, բոլոր այս հարցերը պետք է մտնեն օրակարգ, դրանց մասին պետք է մտածեն բոլոր կողմերը, որոնք շահագրգռված են Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությամբ և ռազմավարական գործընկերությամբ։ Եվ հուսով եմ, որ դա կարվի»,-ընդգծեց քաղաքագետը:

Հարցին, թե որքանո՞վ է ԵՄ-ն պատրաստ կանգնել Հայաստանի կողքին, մինչև ո՞ր կետը, Ռարը պատասխանեց. «Կներեք անմիջականությանս համար, սակայն կարծում եմ ԵՄ-ն Հայաստանով հետաքրքրված է հիմնականում որպես պատվար Կովկասում ռուսական ազդեցության դեմ: Երկրորդ՝ նախկինում՝ տասը տարի առաջ, արդեն ունեցել ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև մերձեցման պատմություն։ Կհիշեք, որ Երևանի և Բրյուսելի միջև շատ արդյունավետ բանակցություններ էին ընթանում։ Այն ժամանակ ասվում էր, որ Հայաստանը կարող է մերձենալ ԵՄ-ի հետ, դառնալ լիիրավ ասոցացված անդամ, գուցե մի գեղեցիկ օր՝ նաև ԵՄ անդամ, սակայն միայն այն դեպքում, եթե լուծի Թուրքիայի հետ ունեցած խնդիրները։

Այն ժամանակ Թուրքիան նույնպես համարվում էր ԵՄ հնարավոր անդամ, իսկ այսօր դա այլևս այդպես չէ։ Այնպես որ, պետք չէ մոռանալ այս շատ կարևոր գործոնի մասին: Ըստ իս՝ Հայաստանը և Հայաստանի ղեկավարները պետք է սա հասկանան, և կարծում եմ՝ հասկանում են, որ երկիրը մեկուսացված է Կովկասում, և պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի հարաբերությունների հարցում այս կամ այն ուղղությամբ չափազանց հեռու չգնան, չօտարվեն իրենց գործընկերներից, ռազմավարական գործընկերներից։

Եվ խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլ շատ առումներով նաև Իրանի մասին է։ Սակայն Հայաստանի համար ամենամեծ խնդիրը կդառնա իրավիճակը, երբ երկիրը, շրջապատված այս բոլոր մեծ տերություններով, կորցնի իր զարգացման ուղին, ինչը շատ տխուր կլինի»,- ընդգծեց քաղաքագետը:

 

Leave a Reply

Your email address will not be published.