Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք հարցերի՝ կապված սահմանազատման գործընթացը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածներից սկսելու հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում վարչապետն իր ելույթում ներկայացրեց մի շարք հարցեր և պարզաբանում տվեց։
«Այս համատեքստում հաճախ են հնչում հետևյալ տրամաբանությունն ունեցող հարցեր․ իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է արդյոք անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակական մեծացում, և մենք նախ այս բացասական երաշխիքը պետք է չեզոքացնենք։ Իսկ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա նոր հարձակում չի լինի։ Չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, և մենք նախ այս բացասական երաշխիքը պետք է չեզոքացնենք։
Հաջորդ հարցը՝ իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի՞ մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և մենք նախ այս նեգատիվ երաշխիքը պետք է չեզոքացնենք»,- ընդգծեց Փաշինյանը։