Եկեղեցուն հարկել են մոնղոլները, պարսիկները, թուրքերը, Սովետական միությունը, եկեղեցին հարկվելուց վախենո՞ւմ է. Միքայել Սրբազան

Եկեղեցուն հարկել են մոնղոլները, պարսիկները, թուրքերը, Սովետական միությունը, եկեղեցին հարկվելուց վախենո՞ւմ է. Միքայել Սրբազան

«Այնքան են եկեղեցուն հարկել… մոնղոլներն էլ, պարսիկներն էլ, թուրքերն էլ։  Սովետական միությունը, ոնց է հարկել։ Մենք հարկվելուց վախենո՞ւմ ենք»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով իշխանության սպառնալիքների մասին հարցերին, որ եկեղեցին պետք է հարկվի։

«Իրենց ճղճիմ էությունն է ցույց տալիս, ողորմելիությունը, մանրությունը։ Ուրիշ բան ցույց չի տալիս։ Եկեղեցին հարկվելուց վախենո՞ւմ է։ Օրենքով ինչ նախատեսված է, մենք վճարում ենք։ Մենք ազատված ենք այն հարկերից, որոնցից բոլոր կրոնական կազմակերպությունները ազատված են։ Մենք որևէ արտոնություն այդ իմաստով չունենք։ Միայն գույքահարկի իմաստով որոշ  արտոնություններ ունենք, որովհետև պատմական հուշարձան համարվող եկեղեցիներից հարկ չի գանձվում»։

Սրբազանի խոսքով, իշխանություն-եկեղեցի լարվածությունը սկսել են հենց այս իշխանությունները։

«Իրենց իշխանության գալուց ի վեր սկսել են։ Հիշենք «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը։ Պարզ էր՝ իրենց կազմակերպածն է, դրդածն է։

Մենք միշտ էլ տրամադիր ենք եղել հանդիպելու։

Ամենաառաջին հանդիպմանը նա ասել է, որ եկեղեցին չպետք է հզորանա, որովհետև պետությունը կթուլանա եկեղեցու հզորության դեպքում։ Հիմարություն։ Սա բորբոքված ուղեղի արտահայտություն է, անմտություն է, բայց այդ անմտությունը դարձրել է պետական քաղաքականություն։ Հզոր եկեղեցին չի խանգարում հզոր պետականությանը։ Մեր եկեղեցին այսօր էլ հզոր է ոչ միայն  Հայաստանում, նաև Հայաստանից դուրս։

Խզումը եղել է իրենց կողմից։ Իրենք բոլոր տեսակի հարցերով սկսեցին խոչընդոտել եկեղեցուն՝ հենց «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հանումով, մնացած բոլոր հարցերում աչքաթող անելով, արարողակարգային հարցերից դուրս մղելով, հեռուստատեսությունը փակելով»,- ասաց Միքայել Սրբազանը։

Հարցին՝ Փաշինյանն ԱԺ ամբիոնից եկեղեցու մասին տարբեր հայտարարություններ է արել, նաև 7-րդ դարի եկեղեցին թեմերից մեկը սեփականաշնորհել է, Միքայել Սրբազանն ասաց. «Ապացույց։ Հո ասելով չէ, անուն, ազգանուն, հայրանուն։

Եթե սեփականաշնորհել է, շատ լավ է արել։ Ես էլ ունեմ 7-րդ դարի սեփականաշնորհած եկեղեցի։ Ոչ թե ես, այլ եկեղեցու անունով։ Թեմն ինքը սեփականությունը չունի։ Սեփականությունն ունի միայն Հայ առաքելական եկեղեցին։ Հերթական հիմարությունն է, դուրս է տալիս։

Հինգ գյուղ իրենց ողջ հողատարածքներով՝  պատկանել են հայ եկեղեցուն. Վաղարշապատ, Եղվարդ, որոնք հիմա քաղաքներ են, Մուղնի, Օշական, Մաստարա։ Բայց մենք այդ գյուղերը հետ չենք ուզում։ Ասում ենք՝ Աստած ձեզ հետ։ Հայ ժողովրդինն է, բայց գոնե ձեզ լուրջ, զուսպ, կոռեկտ, չափի մեջ պահեք։ Հարկել։ Ո՞ւմ եք հարկում»։

 

Աղբյուր` Panorama.am

Leave a Reply

Your email address will not be published.