Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել ՌԴ-ի ու ՀԱՊԿ այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել ՌԴ-ի ու ՀԱՊԿ այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ Երևանը, թվում է, կցանկանար «օգտվել պահից այն պայմաններում, երբ Արևմուտքը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում փոխգործակցության ամրապնդման, այդ թվում՝ անվտանգության ոլորտում»։

«Այնուամենայնիվ, հապճեպ որոշումները, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն, ոչ միայն ի վերջո սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»,- ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Գալուզինը վստահություն է հայտնել, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից և ծառայում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։

«Անդամակցությունը կազմակերպությանը, ինչպես նաև սերտ կապերը մեր երկրի հետ ռազմական ոլորտում, դարձել են անկախ Հայաստանի առաջընթաց զարգացման առանցքային գործոնը վերջին տասնամյակների ընթացքում»,- ասել է փոխարտգործնախարարը։

«Անկախ նրանից, թե ինչ է խոստանում Երևանին գնալով ավելի շատ սիրող Արևմուտքը, այսօր ՀԱՊԿ-ին, որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, արդյունավետ այլընտրանքներ չկան»,- հավելել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.