Ադրբեջանն օգտվել է քաղաքական պահից Արցախի դեմ ագրեսիայի համար. AFP

Ադրբեջանն օգտվել է քաղաքական պահից Արցախի դեմ ագրեսիայի համար. AFP

Ադրբեջանն օգտվել է հասունացած քաղաքական պահից, որպեսզի ագրեսիա սկսի Արցախի դեմ։ Վերլուծաբանների խոսքով՝ դա տեղի է ունեցել այն բանի հետեւանքով, որ Հայաստանը թուլացել է եւ մեկուսացվել, ադրբեջանական գազի կարիք ունի, իսկ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, տեղեկացրել է AFP-ն։

«Ադրբեջանն ակնհայտորեն մտադիր է վերջ դնել ներկա իրավիճակին»,- ասել է Մարի Դյումուլենը Միջազգային հարաբերությունների Եվրոպական խորհրդից (ECFR)։

Երեք տարի առաջ իր պարտությունից հետո Հայաստանը ցանկանում էր բանակցություններ վարել Ղարաբաղի կարգավիճակի եւ նրա բնակիչների իրավունքների մասին։ «Բաքուն, ըստ երեւույթին, պատրաստ չէր բանակցություններին այդ հարցի շուրջ, որը նա համարում է ներքին գործ», նշել է նա։

Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Բայց Արեւելյան քրիստոնյաների ինստիտուտի (ICO) հետազոտող Տիգրան Եկավյանը նախազգուշացնում էր, որ Արցախի հայ բնակիչները կկանգնեցվեն ընտրության առջեւ՝ մահ կան հարկադրյալ վտարում։

Հարձակումը «հաջորդեց Ադրբեջանի իննամսյա շրջափակմանը, որն ուժեղացավ հունիսի կեսից»,- X-ում գրել է Լոուրենս Բրոերսը Chatham House վերլուծաբանական կենտրոնից։ «Ղարաբաղի հայ բնակչությունը ֆիզիկապես թուլացել է, պարենն ու դեղորայքը չեն բավականացնում»,- ասել է նա։

«Ադրբեջանը հասած մրգի պես քաղում է Արցախը»,- ասել է Եկավյանը՝ հայտարարելով, որ նրա հայ բնակիչների համար «մշակութային ինքնավարության ոչ մի կարգավիճակ չի լինի»։

Բաքուն առավելագույն չափով օգտագործել է նպաստավոր քաղաքական կլիման գրոհն սկսելու համար։ Նա ունի Թուրքիայի հզոր աջակցությունն, այն դեպքում, երբ Ռուսաստանը՝ ավանդական ծանրքաշայինը Կովկասում եւ Հայաստանի դաշնակիցը, զբաղված է Ուկրաինայում պատերազմով։

«Մոսկվան, անկասկած, այլեւս ի վիճակի չէ խաղալու դատավորի իր դերը եւ հիմա Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան երբեւէ, ոչ վերջին հերթին այն պատճառով, որ հենց Ադրբեջանով է կատարվում զենքի տարանցումը Իրանից Ռուսաստան»,- ասել է Դյումուլենը։

«Ռուսաստանը ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունի աջակցելու Ղարաբաղի հայկական կառավարությանը»,- ասել է Կիրիլ Շամիեւը Միջազգային հարաբերությունների Եվրոպական խորհրդից։

Մինչդեռ ԵՄ-ն Ուկրաինայում պատերազմի սկզբից ձգտում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգակիրների մատակարարումներից եւ գազային համաձայնագիր է ստորագրել Բաքվի հետ 2022թ.։

«Եվրոպան, «հավանաբար, հակված էր աչք փակել դրա վրա», ասել է Դյումուլենը։

Ներկա պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմը, ըստ երեւույթին, բացառված է։ Ալիեւը չորեքշաբթի հայտարարել է, որ Ադրբեջանը «ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը» եւ տարածքային հավակնություններ չունի։ Բայց որոշ փորձագետներ անհանգստացած են, որ Բաքուն կփորձի օգտվել իր գերազանցությունից եւ ներխուժել Հայաստանի հարավ, որպեսզի ցամաքային հաղորդակցություն ստեղծի Նախիջեւանի հետ։

«Այդ ժամանակ Հայաստանը ստիպված կլինի պատերազմ սկսել»,- ասել է Դյումուլենը, որը նաեւ նախազգուշացրել է «էսկալացիայի իրական վտանգի» մասին Իրանին սահմանակից այս տարածաշրջանում։

Leave a Reply

Your email address will not be published.