Ահազանգ. Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է 4 միլիարդ 400 միլիոն դոլարով

Ահազանգ. Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է 4 միլիարդ 400 միլիոն դոլարով

2023 թվականի հոկտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10,5 տոկոսով։ Ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով, տնտեսական 12,6 տոկոս բարձր աճի պայմաններում 2022 թվականի հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս, պետական պարտքն աճել է շուրջ 10 տոկոսով՝ հատելով 10 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը։

«Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 65 տոկոսով կամ շուրջ 4 միլիարդ 400 միլիոն ԱՄՆ դոլարով։
Այլ կերպ ասած՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով այս իշխանությունն ավելացրել է պետական պարտքը շուրջ 1500 ԱՄՆ դոլարով։

Փաստորեն, գործող իշխանությունն իր կառավարման շրջանում պետական պարտքն ավելացրել է տարեկան միջինը մոտ 13 տոկոսով։

Եվ սա այն դեպքում, երբ այս իշխանության օրոք տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմում է գրեթե 5 տոկոս՝ 2,6 անգամ զիջելով պետական պարտքի տարեկան միջին աճի ցուցանիշին։

Այսպիսով, ևս մեկ անգամ փաստագրվում, արձանագրվում և հիմնավորվում է․
այս իշխանությունները մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը, այսօրվա թռիչքաձև աճող պարտքի բեռը թողնելով սերունդներին»,-նշում է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published.