«Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանն է, որը եղել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետը, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետը։ Մինչ օրս «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի իրավախորհրդատուն է։ Aravot.am-ը Նելլի Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու որոշեց հանդես գալ «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակով: «Ես երբեւէ չեմ մտածել քաղաքականության մեջ մտնելու մասին, որովհետեւ բարձրակարգ իրավաբան եմ, գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների գծով միջազգային փորձագետ: Երկու անգամ եղել եմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածու, մշտապես զարգացրել եմ իմ տեսական գիտելիքները, կուտակել փորձ, նաեւ դասավանդել եմ: Այդուհանդերձ, երբ առաջարկ ստացա «Ուժը հայրենյաց» կուսակցությունից՝ մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, երկար մտածելուց հետո բարդ որոշում կայացրի»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավաստիացնելով, որ կփորձի իր գիտելիքները եւ փորձը ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության եւ մայրաքաղաքի:
Ամբողջական հոդվածը՝ www.aravot.am