Ավտոբուսի վթարից հետո Գորիսից և Քաջարանից բժիշկներ են տեղափոխվել Կապանի բուժկենտրոն

Ավտոբուսի վթարից հետո Գորիսից և Քաջարանից բժիշկներ են տեղափոխվել Կապանի բուժկենտրոն

Սյունիքի մարզում դպրոցական ավտոբուսի վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաև Գորիսի ու Քաջարանի ԲԿ-ներից։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Նշվում է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է նաև Կապանի բժշկական կենտրոնում։

«Մարզպետը շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղևորների առողջական վիճակի մասին»,-նշված է հաղորդագրությունում։

Նշենք, որ երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Առաջաձոր գյուղի վարչական տարածքում, դպրոցականների տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

Թվով 25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թամարա Դավթյանի (ծնված 1970 թ․) մահը։

Leave a Reply

Your email address will not be published.