Ոչխարների՝ ադրբեջանական կողմն անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Առաջնագծում իրադրության, սահմանային միջադեպերի և խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է. Որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել եւս ներթափանցման փորձ անգամ տեղի չի ունեցել: Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության»,-ասաց նա:
Ավելի վաղ Տեղ գյուղի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ ադրբեջանցիները գողացել են Արավուսի բնակիչներից մեկի ոչխարները. «Գիտեմ, որ նման դեպք է եղել, բայց ոչխարների քանակից տեղյակ չեմ։ Ոչխարները գնացել են, հովիվը չի կարողացել կանգնեցել, սահմանից մարդ չի եղել, որ կանգնացնի ոչխարներին»,- պատմել էր Մասիս Զեյնալյանը։