Գագիկ Սարգսյանին կալանավորեցին

Գագիկ Սարգսյանին կալանավորեցին

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով ձերբակալված ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ կալանավորելով Սարգսյանին մեկ ամիս ժամկետով։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է  ՔՊ -ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես «ահաբեկչական գործողություն»։ Այդ գործով հետապնդվում է ևս երեք անձ, որոնցից երկուսի նկատմամբ արդեն կալանք է կիրառվել։

Գագիկ Սարգսյանի պաշտպան Վահե Եփրիկյանը հայտնել է, որ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին, մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես` հայտնի չէ, թե նա  հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, իսկ ՔԿ-ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե «ահաբեկչական դեպքերը բացահայտվել են», խստագույնս չափազանցված է։

Leave a Reply

Your email address will not be published.