Գործազուրկ անձանց աշխատանքի ընդունող գործատուները պետական բյուջեից աջակցություն կստանան։ Զբաղվածության խթանման նպատակով իրականացվող միջոցառումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ գործատուները փոխհատուցման գումարն ստանալու են ծրագրի ավարտից ու աշխատանքային հարաբերությունները դադարեցնելուց հետո։
Այս առումով Նիկոլ Փաշինյանը մտավախություն հայտնեց, որ փոխհատուցման ժամկետի ավարտից հետո պետության աջակցությամբ աշխատանքի ընդունված շահառուները դարձյալ գործազուրկ կմնան։
«Դուք ասում եք` «աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո 5 օրվա ընթացքում մենք այդ փողը կտանք»։ Դուք այդ մարդուն ասում եք` աշխատանքից ազատի, որ մենք քո փողը տանք։ Տրամաբանությունը ո՞րն է»,– հարցրեց Փաշինյանը։
Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե աշխատանքային հարաբերությունների, այլ ծրագրի ժամկետի ավարտի մասին է։
«Ուշադիր կլինեք ձևակերպումներում»,– զգուշացրեց վարչապետը։
Փոխհատուցումը նախատեսված է այն գործատուների համար, որոնք ծրագրին նախորդող 3 ամիսների ընթացքում ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել ծրագրով աշխատանքի ընդունվող գործազուրկի հետ։
Ծրագրի հիմնական բաղադրիչն աշխատողի աշխատավարձից գանձվող եկամտահարկի լրիվ կամ մասնակի փոխհատուցումն է գործատուին։ Ընդ որում`աջակցության չափը և տևողությունը պայմանավորված կլինի աշխատանքի ընդունվող անձի տարիքով, սեռով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով։
ՀՀ աշխատանքային ռեսուրսներում բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն 16-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդները, միջին տարիքի (30-45 տարեկան) երեխա ունեցող գործազուրկ մայրերը, որոնք երեխայի խնամքով պայմանավորված` աշխատաշուկայում դառնում են քիչ մրցունակ։
Իսկ 63-ից բարձր տարիքի անձանց ներառման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի հանձնարարականը` կենսաթոշակառուներին աշխատաշուկայում պահելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին։