Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ստեղծվող մեխանիզմը պետք է լինի միջազգային, տեսանելի։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ամբողջ կարգավորումը, որը քննարկվում է, և, հուսամ, կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ի վերջո ունենալու է միջազգային երաշխիքների կարիք է ունենալու։ Անհրաժեշտ են լինելու միջազգային շատ կոնկրետ, գործուն մեխանիզմներ` վեճերի լուծման, մեկնաբանությունների մեխանիզմներ։ Կարծում եմ, որ նույնիսկ կարգավորումների փոխհամաձայնեցման դեպքում միջազգային ներկայության անհրաժեշտություն է լինելու»,– ասաց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին գետնի վրա Ադրբեջանի ագրեսիվ քայլերը ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կարիքը կա։ Սա, ըստ ԱԳ նախարարի, Ադրբեջանի հռետորաբանության ուղիղ հետևանքն է։