Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:
Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.
Ա գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ
Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ
Բ գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ
Մեկ տարվա համար՝ 24000 դրամ»,- ասված է գրառման մեջ:
Նշվում է, որ նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը:
«Ընդ որում՝ սա տրանսպորտային բարեփոխումների համատեքստում համայնքի կողմից իրականացվող շարունակական քայլերից մեկն է, որն ունենալու է նաև այլ բաղադրիչներ:
Մասնավորապես՝ հաջորդիվ փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է»,- ընդգծել է Կոստանյանը: