Էստոնիայի դեսպանատունը պատրաստակամ է աջակցելու ՄԻՊ գրասենյակի գործունեությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդը։
ՄԻՊ-ից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը ողջունել է դեսպանին ՄԻՊ գրասենյակում, և ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային բնակավայրերի բնակիչների հիմնական իրավունքների պաշտպանության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց և երեխաների պաշտպանության, ատելության խոսքի բացառման և մի շարք այլ ուղղություններով Պաշտպանի մանդատի շրջանակներում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը։
Դեսպան Կալյուրանդը իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանի Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ և բարձր է գնահատել Պաշտպանի կողմից նախանշված գործունեության ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով Էստոնիայի դեսպանատան կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը: