ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2021 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ գրառում է կատարել X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Երկարատեւ դադարից հետո առաջին գրառումը նրա բանտային լուսանկարի հրապարակումն է կապույտ կոստյումով, սպիտակ վերնաշապիկով եւ կարմիր փողկապով, որն արվել է հինգշաբթի Ֆուլտոն շրջանի (Ջորջիա նահանգ) բանտի աշխատակիցների կողմից, որտեղ Թրամփը ձերբակալման պաշտոնական ընթացակարգ է անցել: Այս լուսանկարը պատմական Է դարձել, քանի որ նախկինում ԱՄՆ ոչ մի նախկին կամ գործող նախագահ բանտային լուսանկար չի արել: Լուսանկարն ուղեկցվում է «երբեք չհանձնվել» եւ «միջամտություն ընտրություններին» գրառումներով, հրապարակմանը կցված է նաեւ քաղաքական գործչի կայքի հղումը:
Ավելի ուշ Թրամփը գրառում է կատարել իր Truth Social սոցցանցում։ «Ես սիրում եմ Truth Social-ը։ Սա իմ տունն է»,-գրել է նա։